«Արմաթ» լաբորատորիաների ծրագրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին եւ 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 եւ 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, իսկ 2 տարվա ընթացքում 1.296 մլրդ դրամ: Հաջորդը, մինչեւ հեղափոխությունը, էլի 3 տարվա ընթացքում  Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա Հայաստանի տարածքում:  Իսկ հեղափոխությունից հետո բացվել է 255 «Արմաթ» լաբորատորիա: Այսինքն կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ եւ այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ո՞րն է պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից եւ մենք ասում ենք՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, եւ մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ եւ հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հարց բարձրացրեց. «Այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին դպրոցներում խոչնդոտում ենք»: