Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրությունում ուղղումներ մտցնելու նախագահական օրինագծին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հանրային իշխանության կազմակերպման առանձին հարցերի կարգավորման կատարելագործման մասին» փաստաթուղթը երկուշաբթի մտցվել էր խորհրդարանի ստորին պալատ։ Այն ուղղված է սահմանադրական կարգի, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների հիմքերն ամրապնդող դրույթների զարգացմանը։

Վլադիմիր Պուտինն առաջարկել է.

  • սահմանադրական մակարդակով ամրագրել պարտադիր պայման պետծառայողների (ներառյալ վարչապետը, նախարարները եւ նահանգապետերը) համար՝ չունենալ օտարերկրյա քաղաքացիություն եւ կեցության իրավունք;
  • խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվելիք պահանջները. նրանք պետք է ապրեն Ռուսաստանում 25 տարուց ոչ պակաս եւ երբեք այլ քաղաքացիություն չունենան;
  • բացառել Ռուսաստանի նախագահի համար անընդմեջ երկու ժամկետի մասին վերապահումը;
  • Պետդումային վստահել ոչ միայն վարչապետի, նրա տեղակալների ու նախարարների համաձայնեցումը, այլեւ նշանակումը;
  • Դաշնության խորհրդին օժտել նոր լիազորություններով. նախագահը պետք է ուժային գերատեսչությունների ղեկավարների հաստատումը համաձայնեցնի խորհրդարանի վերին պալատի հետ;
  • Դաշնության խորհրդին հնարավորություն ընձեռել՝ ազատելու Սահմանադրական եւ Գերագույն դատարանների դատավորներին, ինչպես նաեւ նշանակելու եւ ազատելու գլխավոր դատախազին ու նրա տեղակալներին նախագահի ներկայացմամբ; Սահմանադրական դատարանի դատավորների թիվը կկրճատվի՝ 19-ից հասցվելով 11-ի;
  • Սահմանադրական դատարանին օժտել նախագահի հարցմամբ տարածաշրջանային օրենքների սահմանադրականությունն ստուգելու իրավունքով՝ մինչեւ մարզպետի կողմից դրանց ստորագրումը;
  • ամրագրնել Պետխորհրդի կարգավիճակը։ Դա կլինի պետական մարմինների համաձայնեցված գործառնության եւ փոխգործակցության ապահովման, ներքին եւ արտաքին  քաղաքականությունների հիմնական ուղղությունները եւ պետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները որոշող մարմին;
  • անփոփոխ պահպանել գլխավոր փաստաթղթի 15-րդ հոդվածը Ռուսաստանում միջազգային իրավունքի գերակայության մասին, ընդ որում՝ 79-րդ հոդվածը կհավաստիացնի, որ միջպետական մարմինների որոշումները «Ռուսաստանի Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ»՝ կատարման ենթակա չեն։ Սահմանադրական դատարանը կորոշի, թե հնարավոր է արդյոք նման որոշումների կատարումը;
  • Սահմանադրությունում ամրագրել կենսաթոշակների կանոնավոր ինդեքսացիան Ռուսաստանում, ինչպես նաեւ աշխատանքի վճարման նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ ցածր նվազագույն չափը;
  • ճշտել նախագահական վետոյի իրավունքը. այժմ պետության ղեկավարը կարող է 14 օրվա ընթացքում վետո դնել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, բայց պալատները կարող են հաղթահարել այդ վետոն, եւ այդ ժամանակ նախագահը յոթ օրում (14 օր սահմանադրական օրենքների համար) պարտավոր է ստորագրել օրենքը։ Ճշտումը նախագահին իրավունք կտա «նշված ժամկետում» (չի ճշտվում, թե որքան) վիճարկել սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանում։  Եթե դատարանը որոշի, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, նախագահը պարտավոր է ստորագրել այն երեք օրում, եթե ոչ՝ վերադարձնել Դումա։

Խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը կդրվի համառուսաստանյան քվեարկության։