Սլովակիայի շրջակա միջավայրի նախարար Լասլո Սոլիմաշը եւ նրա եղբայրը բերման են ենթարկվել ոստիկանության կողմից խուլիգանության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սլովակյան ռադիոյին։

Սոլիմաշը եղբոր հետ չորեքշաբթի երեկոյան բերվել է Բրատիսլավայի ոստիկանության բաժանմունքներից մեկն այն բանից հետո, երբ նրանք սկանդալ էին սարքել Լաուրինյան փողոցի չինական ռեստորանում։ Նրանք թունդ հարբած էին։

Համաձայն  առկա տեղեկատվության՝ եղբայրները քաշքշուկ էին սարքել ռեստորանի անձնակազմի հետ, կոտրել են հաստատության ապակե դուռը։ Մատուցողներից մեկը դիմել է բժշկական օգնության։ Միջադեպի ժամանակ քաղաքական գործիչը բղավել է, որ նախարարի պաշտոն է զբաղեցնում եւ իր հանդեպ պատշաճ հարգանք է պահանջում։

Սոլիմաշը եղբոր հետ հարցաքննվել է ոստիկանությունում եւ հետո ազատ արձակվել։ Նրանց դեմ կարող է քրեական գործ հարուցվել խուլիգանություն եւ նյութական վնասի պատճառում հոդվածներով։