Այս օրինագիծն ուղղված է Հայաստանում շարժական առեւտրի կետերի հարաբերությունների եւ գործունեության կարգավորմանը, մասնավորապես՝ Երեւանի տարածքում: Այս մասին հունվարի 23-ին ԱԺ նիստում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Գործող օրենքում պարզաբանում կա այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում շարժական առեւտրի կետը, սակայն նրա գործունեությունը չի կարգավորվում: Մասնավորաբար՝ խոսքն այն մասին է, թե դրանք ինչ ապրանքներ իրացնելու իրավունք ունեն, հատկապես որտեղ, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցվել այդ առեւտրի կետերն օգտագործելիս եւ որ ժամերին: Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է այս բոլոր լիազորությունները փոխանցել Երեւանի ավագանուն, որը օրենքում փոփոխությունների շնորհիվ կկարողանա մայրաքաղաքում որոշել այն վայրերը, որտեղ կթույլատրեն շարժական առեւտուր իրականացնել կամ համապատասխան ծառայություններ տրամադրել դրա համար որոշակի ժամերին: Դրա համար նաեւ պետք է սահմանվի տեղական հարկ՝ 50 հազար դրամի չափով:

Գաբրիելյանն ընդունեց, որ այս օրինագիծը որոշակի չափով ուղղված է Երեւանի տարածքում նման առեւտրի կետերի գործունեության սահմանափակմանը: Ընդ որում՝ նա հայտնեց, որ շարժական առեւտրի կետը կկարողանա միեւնույն վայրում մնալ 3 օրից ոչ ավելի: «Սակայն ձեռներեցներին 23:00-ից հետո թույլ կտան իրենց առեւտրի կետերը տեղաշարժել: Մայրաքաղաքի ավագանու թույլտվությունն ունեցող ոմանց անգամ թույլ կտան դրանք թողնել մայրաքաղաքի կենտրոնի մի շարք փողոցներում: Օրինակ՝ եթե այնտեղ փակուղի կա, եւ վագոնը չի խանգարի տրանսպորտի եւ մարդկանց շարժմանը»,- պարզաբանեց պատգամավորը: Նա, սակայն, նշեց, որ մի շարք դեպքերում շարժական առտեւտրի կետերին թույլ կտան տվյալ վայրում մնալ 1 օրից եւ անգամ մի քանի ժամից ոչ ավելի: