Առաջարկվում է ավելացնել պահեստի զինապարտների համար առանց հարգելի պատճառի Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած հավաքներին ու զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու տուգանքը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 23-ին, Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով, եթե պահեստի զինապարտը իր զինկոմիսարիատից ծանուցում է ստանում, որ պարտավոր է ներկայանալ մասնակցելու զորավարժությունների կամ հավաքների, բայց չի կատարում այդ պահանջը՝ չունենալով հարգելի պատճառ, ապա նրա նկատմամբ, օրենքով նախատեսված կարգով, կկիրառվի տուգանք 30 հազար դրամի չափով նախկին 20 հազար դրամի փոխարեն։ Իսկ եթե մեկ տարվա ընթացքում պահեստայինը երկու անգամ հրաժարվի կատարել զինկոմիսարիատի այդ պահանջը, տուգանքը կավելանա մինչեւ 50 հազար դրամ։

Բացի այդ, ինչպես նշեց Բալայանը, այս օրենսդրական փաթեթը պարզաբանում է, թե ինչն է համարվում հարգելի պատճառ։