Այսօր խորհրդարանում բավական շատ խոսվեց, թե ինչ կանոնների պետք է բոլորս հետեւանք՝ սկսած յուրաքանչյուրիցս: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ-ում առկա լարվածությանը, իշխանություն-ընդդիմություն միմյանց մեղադրող ելույթներին:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության կողմից Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորման տապալմանը, Մակունցն ասաց. «Դա ոչ թե արվել է քաղաքական որոշման արդյունքում այլ հղում կատարելով օրենքի որոշակի դրույթների, կայացվել է այդ որոշումը, որը եղել է բացառապես իրավական: Մի կողմից իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողովը, մյուս կողմից քանի որ նախկինում մենք ՏԻՄ-էրին ուժեղացնելու համար, նրանց լիազորությունները հստակ տարանջատելու համար օժտել ենք որոշակի իրավունքներով եւ լիազորություններով, դա հնարավորություն չի տալիս այս քննիչ հանձնաժողովին իրականացնել իր լիազորությունները: Սա ոչ թե քաղաքական որոշում է, այլ բացառապես իրավական»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգել եւ խնդրել, որ մի ելք գտեք ու թույլ մի տվեք, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, Մակունցը բացասական պատասխան տվեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր բոլոր գործողությունները լինեն հրապարակային եւ թափանցիկ: Բայց այս պարագայում օրենքից շեղում կատարելը կարող էր լինել շատ վատ նախադեպ: Մենք միշտ պատրաստ ենք եղել ընդառաջել ընդդիմության բոլոր նախաձեռնություններին, այդ թվում քննիչ հանձնաժողովներ ստեղծելուն: Այստեղ ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ որ հարցը հանրայնորեն քննարկվի այն կառույցում, որն իրավական առումով լիազորված է դա անել: Այս դեպքում իրավասությունը Երեւանի ավագանու դաշտում է»:

Մակունցը նշեց, որ առանձին կառույցներում, եթե նախկինում ընդդիմությունը հնարավորություն չուներ ներկայացնելու թեկնածուներ,. «Այս պարագայում, մենք հնարավորություն ենք տալիս, որ քվոտավորված ընդդիմությունը ներկայացուցիչ ունենա: Առանցքային հարցերում, ինչպիսին է հակակոռուպցիոն մարմինը, ընդդիմությունը պետք է ունենա շատ մեծ վերհսկող դեր: Մենք դրական ենք գնահատում եւ նպաստել ենք, որ ընդդիմության ներկայացուցիչը ընդգրկվի այդ հանձնաժողովում, որտեղ էլ որոշվել է, որ հենց նրանց ներկայացուցիչը դառնա նախագահ»:

Մակունցը նաեւ հայտարարեց, որ աղմուկն ընդդիմախոսություն չէ. ես կարծում եմ, որ բոլորս պետք է բովանդակություն ստեղծենք, հնարավորություն տանք հասարակությանը, ընդդիմախոսներին բովանդակային քննարկումների շուրջ ներկայացնել իրենց այլընտրանքային մոտեցումները: Ես կարծում եմ, որ ընդդիմությունն իր դիրքորոշումներում պետք է լինի ավելի հեղափոխական, քան այն թիմը, որ հեղափոխության արդյունքում ձեւավորել է իշխանություն, բարձրացնի քաղաքական դիսկուրսի, քաղաքական մշակույթի նշաձողը: