Լավ չեմ պատկերացնում, թե որքանով այս ամենը կապ ուներ նախագահ Քոչարյանի հետ, նրա գրասենյակի հետ, ինչն էր այդ մարդու մոտիվացիան: Այս մասին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Երբ կպարզվի, թե ինչում էր խնդիրը, որքանով դա կապ ուներ գրասենյակի հետ, ես անպայման կպարզաբանեմ»,-ասաց նա՝ նշելով, որ կրակոցների պահին գրասենյակում ոչ ոք չի եղել:

«Ես կգերադասեմ տեղեկությունները ամբողջացնել, եւ եթե այս միջադեպը մեզ հետ ինչ-որ կերպ առնչվում է, բնական է՝ ես կմեկնաբանեմ, հայտարարություն կտարածեմ: Հիմա որեւէ տեղեկություն չունեմ: «Էրեբունի պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6-րդ հարկում»,-ասաց Սողոմոնյանը:

Դիտարկմանը, որ նշվում է, որ զինված անձը փնտրել է Քոչարյանի գրասենյակը, նա արձագանքեց. «Եթե ես լինեի շարքային քաղաքացի, գուցե ասեկոսեները մեկնաբանեի, բայց քանի դեռ չունեմ պաշտոնական տեսակետ, չեմ կարող ոչինչ ասել: Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, ես այդտեղից կկարողանամ պարզել, թե որքանով է այս իրադարձությունն առնչվում մեր գրասենյակին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոցներ են հնչել։ Այդ անձիօ հետ բանակցություններ է վարում անձամբ ոստիկանապետԱրման Սարգսյանը: