Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հերթական հետազոտություն է անցնում Բաթումիի «Մեդինա» կլինիկայում, այսօր հայտնել է Աջարական հեռուստատեսությունը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հունվարի 4-ին Իլյա Երկրորդը դարձել է 87 տարեկան:

Ավագ քահանա Իոանե Գորելիշվիլին լրագրողներին հայտնել է, որ Իլյա Երկրորդը կլինիկայում չէր հետազոտվել 2018 թվականից:

«Պատրիարքն արդեն մի քանի օր է Աջարիայում է, նրա վիճակը կայուն է: Նա պետք է հերթական հետազոտություն անցներ եւ որոշեց՝ քանի որ այստեղ է, ապա հետազոտությունը կանցկացնի Բաթումիի կլինիկայում: Ոչ մի անհանգստացնող բան չկա, սա ուղղակի հերթական հետազոտություն է, որը նա չի անցկացրել 2018 թվականից, եւ հիմա անհրաժեշտ էր այն անցկացնել»,- հայտարարել է ավագ քահանան:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարթավան նույնպես ասել է, որ Վրացական ուղափառ եկեղեցու ղեկավարի առողջական վիճակը չի վատթարացել: Ստացիոնարում հետազոտություն անցկացնելը որոշվել է պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ:

«Փաստորեն, ամեն տարի փետրվարին, տոներից հետո, մենք հերթական հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք է հետազոտություն անցկացնեինք [Աջարիայից] Թբիլիսի նրա գալուց հետո: Այնտեղ նրան են այցելել մերձավորները եւ Բաթումիում լավ կլինիկա առաջարկել: Ուստի հետազոտությունն այնտեղ է անցկացվում»,- ասել է Շարթավան: