Ողջունում ենք Կառավարության դիրքորոշումը որոշակի ժամանակով սպանդանոցային մոթրին անցնելու որոշման հետաձգումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ մոտ 2 շաբաթ է տարբեր խմբերի հետ քննարկումներ են ունեցել. «Ուզում ենք հասկանալ գյուղացիներին, մսագործներին, սպանդանոցներին եւ նախարարությանը եւ մեր քննարկումների արդյունքներն էլ անընդհատ ներկայացնում էինք Կառավարությանը եւ ողջունում ենք վերջինիս որոշումը որոշակի ժամկետով սպանդանոցային մորթի անցնելու որոշման կայացումը հետաձգելու որոշումը, որովհետև սպանդանոցները համաչափ բաշխված չեն Հայաստանի տարածքում, շատ հաճախ մարդիկ խնդիր են ունենում մորթվող միսը այդ տարածության  վրա տեղափոխելու հետ կապված, գումարած դրան մսագործները այս գործընթացի մաս են, իրենք նույնպես պետք է հնարավորություն ունենան մնալ իրեն բիզնեսի մեջ։ Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կներկայացնի աջակցման գործիքներ, որով մսագործները կկարողանան իրենք հիմնել իրենց փոքր սպանդանոցները կամ շարժական սպանդանոցները։ Մենք կունենանք ավելի մրցակցային իրավիճակ, մենք կունենանք տասնակ կամ հարյուրավոր ընկերություններ, որոնք մասնակցում են այդ  գործընթացին, որը նաև կնպաստի գործը կազմակերպված կատարելուն, և որպեսզի գնային ճնշումներ չլինեն  շուկայի վրա։ Կան անասնապահությամբ զբաղվող փոքր գյուղացիական տնտեսություններ, որոնք ունենք մինչև 10 գլուխ անասուն, մեր հիմնական մտահոգությունն այն է, որ նրանք չտուժեն։ Մեր հիմնական մտահոգությունը սննդի անվտանգությունն է, բայց պետք է վստահ լինենք, որ 50 հազար գյուղացիական տնտեսություններ չեն տուժելու դրանից»։