ԱՄՆ-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Գանիին սպառնում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ: Այս մասին Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Եթե նա շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն Է սպասում, քանի որ նախագահ Թրամփը տարիներ շարունակ հասկացրել է, որ ամերիկացիների կամ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան: Դա նոր սպառնալիք չէ: Նախագահը միշտ ասել է, որ վճռական կգործի՝ ի պաշտպանություն ամերիկացիների շահերի: Եվ ես կարծում եմ, որ այժմ իրանական ռեժիմը հասկանում է, որ չի կարող իր ցանկությամբ հարձակվել Ամերիկայի վրա»,- ասել է Հուքը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի օդանավակայանի մոտակայքում սպանվեցին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ եւս 9 մարդ: Էսմայիլ Գանին երկար ժամանակ Սոլեյմանիի տեղակալն էր եւ այժմ նրա մահից հետո նշանակվել է «Կուդս» ուժերի հրամանատարի պաշտոնում: