Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day)։ Այն տոնելու ամսաթիվն ընտրվել է, որովհետեւ հենց այս օրն է 1922թ․ ամերիկյան Այովա նահանգի Օնավա քաղաքում քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացել էսկիմոյի արտոնագիրը։

Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադի գլազուրով։ Թեեւ այն հազարամյակների պատմություն ունի (կարծիք կա, որ դեռեւս Հին Հռոմում կայսր Ներոնը իրեն նման սառը աղանդեր էր թույլ տալիս ճաշակել), սակայն էսկիմոյի ծննդյան օրը ընդունված է համարել հենց հունվարի 24-ը։

Ամենաշատ տարածված վարկածներից մեկի համաձայն, պաղպաղակի այս տեսակի հեղինակը հրուշակագործ-խոհարար Քրիստիան Նելսոնն է, որը հղացել է սերուցքային պաղպաղակը շոկոլադի գլազուրով պատելու գաղափարը, եւ անվանել է այն Eskimo Pie («էսկիմոսի քաղցրավենիք»)։ Դա տեղի է ունեցել 1919թ, իսկ եւս երեք տարի անց նա ստացել է իր «հայտնագործության» արտոնագիրը։

«Էսկիմո» բառը, դարձյալ վարկածներից մեկի համաձայն, եկելէ ֆրանսիացիներից, ովքեր այդպես են անվանել կոմբինեզոնը, որը նման է էսկիմոսների համազգեստին։ Այդ պատճառով պաղպաղակը, որը «կրում է» շոկոլադե «կոմբինեզոն», դրա նմանությամբ ստացել է էսկիմո անվանումը։