Tinder-ի ծանոթությունների հավելվածում հայտնվելու է ժամադրությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների մասին ոստիկանությանն իրազեկելու գործառույթ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հավելվածի սեփականատեր Match Group ընկերությանը:

Match Group-ը բաժնեմաս է ձեռք բերում Noonlight հավելվածը մշակող ընկերությունում, որը հետեւում է օգտատիրոջ գտնվելու վայրին եւ վտանգի դեպքում իրազեկում անվտանգության ծառայությանը:

Դրանից բացի, Tinder-ում հայտնվելու են նաեւ այլ գործառույթներ, մասնավորապես՝ պրոֆիլներում լուսանկարների ստուգում, որ բացառվի օտար լուսանկարների օգտագործումը, իսկ օգտատերերը կկարողանան գրանցել ժամադրության վայրի եւ ժամանակի մասին տեղեկությունը, ինչպես նաեւ այն մարդու մասին, ում հետ հանդիպելու են: Ոստիկանները կժամանեն, եթե օգտատերը տագնապի կոճակը սեղմելուց հետո չարձագանքի կարգավարի հաղորդագրություններին եւ զանգերին:

Թարմացումներն ԱՄՆ-ում հասանելի կլինեն հունվարի 28-ին: Դրանք ավելի ուշ կհայտնվեն նաեւ մյուս երկրներում: