Հաշմանդամություն ունեցող թոշակառուի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ «Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցվել է բազրիք։ Կենսաթոշակառու Զավեն Գրիգորյանի խոսքով՝ երկու տարի դիմել է պետական տարբեր մարմինների, բայց արձագանք չի ստացել։

«Առաջ մի կերպ տանջվելով պիտի մուտք գործեինք փոստատուն. շատ մարդիկ են վայր ընկել՝  մանավանդ ձմռանը: Հիմա հանգիստ, բազրիքներից բռնելով, մենք ներս ենք մտնում, մեր գործարքները կատարում ենք, թոշակները ստանում, գնում ենք տուն»,- ասում է Զավեն Գրիգորյանը:

«Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցված բազրիքի ուսումնասիրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նկատել են, որ  նորակառույց թեքահարթակը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Բարձրացվել է նաև թեքահարթակը վերակառուցելու հարցը։