ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկություն ուղղակի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալն է, թե տեսեք՝ ինչ-որ բան է կատարվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ ՀՔԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի տանը։

«Հերթական մի օպերացիան է՝ ճնշել էլի ընտանիքին։ Պատկերացնո՞ւմ եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ եւ սկսում են իրականացնել խուզարկություններ։ Եվ խուզարկություններ այնպիսի քրեական գործի շրջանակներում, որն ըստ մեղադրանքի, եղել է բավականին վաղուց, եւ, որը հայտնի էր բոլորին։ Զուտ քրեադատավարական առումով խուզարկության իմաստն էլ գոյություն չունի»,- ասաց Բաբայանը։

Արսեն Բաբայանի խոսքով՝ խուզարկությունը կարող է լինել Թովմասյանին առաջադրված մեղադրանի շրջանակում. «Պարոն Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ։ Իսկ եթե անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումներ, ապա մենք այդտեղ օրենքի խախտման հետ խնդիր ունենք։ Իրավապահները նաեւ մտածում էին, որ «Ժողովուրդ օրաթերթի» լրագրողի հեռախոսազանգերը կարելի է լսել։ Այդ իրավապահ մարմինները կարծում էին, որ ինձ կարելի է ձերբակալել։ ՀՔԾ-ն բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս։ Սա ուղղակի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալն է, թե տեսեք՝ ինչ-որ բան է կատարվում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։