Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հնարավոր է համարում ազատ առեւտրի եւ թվային հարկերի մասին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ի հետ նոր առեւտրային գործարքի կնքման կոչ է արել՝ սպառնալով տուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար, եթե Եվրոպան թվային հարկ սահմանի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների դեմ:

CNBC-ի հետ զրույցում Շոլցն ասել է, որ հավատում է ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրմանը: «Կարծում եմ կա անհրաժեշտություն քննարկելու առեւտուրը: Ի վերջո, բոլորս գիտենք, որ առեւտուրն ավելի հաջողված է լինում, երբ չկան շատ խոչընդոտներ»,- ասել է նա:

Շոլցը նշել է, որ թվային հարկը, որը կազդի այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են՝ Amazon, Google եւ Facebook, պետք է համաձայնեցվի գլոբալ մակարդակով, եւ նա հուսով է, որ միջազգային առաջարկ կստացվի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից: