Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ թվային փողի կողմնակիցը կամ հակառակորդը չէ, բայց ավելացրել է, որ բիթքոինի White paper-ը իրեն շատ շինծու է թվացել, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Մասկը հիշեցրել է, որ հաճախ կրիպտոարժույթներն օգտագործում են անօրինական նպատակներով։ Նրա խոսքով՝ ավելի հաճախ դա վերաբերում է հանցավոր ճանապարհով ստացված միջոցների լվացմանը։

«Սովորաբար ավանդական փողերը նույնպես օգտագործվում են նման տրանզակցիաներում։ Բայց անլեգալ տրանզակցիա կատարելու ժամանակ պետք է հոգալ, որպեսզի հետո այդ փողերը կարելի լինի օգտագործել նաեւ օրինական նպատակներով։ Այդ դեպքում օգնության են գալիս կրիպտոարժույթները»,- ասել է գործարարը։

Նա ընդգծել է, որ կրիպտոարժույթները գտնում են իրենց տեղը ի հաշիվ նրա, որ կանխիկի օգտագործումը դառնում է ավելի ու ավելի բարդ։ Սակայն դա չի նշանակում, թե թվային փողերը երբեւէ կարող են փոխարինել ավանդականներին ու դառնալ լիարժեք վճարամիջոց, համոզված է Մասկը։

«Ինչ-որ տեղ կանխիկ փողով ընդհանրապես չի կարելի վճարել։ Ուստի, ի հայտ է գալիս անլեգալ, կիսալեգալ կամ երբեմն լեգալ տրանզակիցաների հարկադրական գործառույթ։ Նման դեպքերում կրիպտոարժույթները կարող են փոխարինման գալ։ Բայց ես չեմ տեսնում, թե իչպես նրանք կկարողանան դառնալ տվյալների նախնական շտեմարան»,- նշել է Tesla-ի եւ SpaseX-ի ղեկավարը։

Անցած տարվա փետրվարին նա կոչ էր արել սահմանափակել կրիպտոարժույթի արտադրությունը։ Գործարարը փաստարկել էր իր դիրքորոշումը նրանով, որ «դրա վրա շատ էներգիա է ծախսվում»։ Այն ժամանակ Մասկը նշել է, որ թվային փողերը շատ ավելի հարմար է օգտագործել, քան «թղթի կտորները»։