ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից տեսանյութ է հրապարակել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը, որտեղ պաշտպանները ՀՔԾ քննիչին միջնորդում են թույլատրել՝ ծանոթանալու դատարանի այն որոշմանը, որով թույլատրվել է խուզարկություն իրականացնել Թովմասյանի բնակարանում։

Քննիչը հորդորում է Ամրամ Մակինյանին՝ դադարեցնել տեսանկարահանումը. «Պարոն Մակինյան, անջատեք հեռախոսը, իրավունք չունեք նկարահանելու։ Պաշտպանի միջնորդության վերաբերյալ իմ դիրքորոշումը կհայտնեմ, նախաքննական գաղտնիք է»։

Քննիչին զուգահեռ խոսում էր նաեւ Միհրան Պողոսյանը, որի ընթացքում քննիչն ասաց. «Մի հատ լռեք էլի»։

Ինչին Միհրան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ լռեք։ Մինչեւ խուզարկության սկսելը, խնդրում եմ՝ ապահովել  քրեական դատավարությունով սահմանված պայմանները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։