Տիեզերքում թխված առաջին թխվածքաբլիթն առայժմ ոչ ոք քաջություն չի ունեցել համտեսելու։ Շոկոլադապատ թխվածքաբլիթը Միջազգային տիեզերակայանում թխվել է 2 ժամ։ Երկրի վրա դրա համար կպահանջվեր ընդամենը 20 րոպե, տեղեկացնում է AP-ը։

Թխման համար առանձին փաթեթներում կնքված եւ կոնտեյներում տեղադրված թխվածքաբլիթները գտնվում են Հյուսթոնի լաբորատորիայում այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ այն ուղարկել էին  SpaceX պարկուճով։ Սա առաջին ուտեստն է, որ պատրաստվել է հում բաղադրիչներից։

Ջեռոցն արտադրողները, որում թխվել է թխվածքաբլիթը, նախատեսել էին տիեզերքում թխման ժամանակի տարբերությունը, բայց չէին մտածել, որ այն այդքան երկար կտեւի։

Թխվածքաբլիթը թխել է իտալացի աստղագնաց Լուկա Պարմիտանոն Zero G Oven տիեզերական ջեռոցի նախատիպում։

Առաջին թխվածքաբլիթը, որը թխվել էր 25 րոպեում 149 ջերմաստիճանով, հում էր մնացել։ Այնուհետեւ աստղագնացը ժամանակը կրկնապատկել էր հաջորդ թխվածքաբլիթների համար, բայց արդյունքներն այն չէին։

Չորրորդ թխվածքաբլիթը ջեռոցում մնաց երկու ժամ եւ արդյունքում մինչեւ վերջ թխվեց։

Հիմա հարկավոր է լրացուցիչ թեստեր անցկացնել հասկանալու համար՝ անվտա՞նգ են արդյոք տիեզերքում թխված թխվածքաբլիթները։