Բաղդադում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջով բազմահազարանոց ցույցեր են անցկացվում: Ցույցերին մասնակցելու կոչ է արել շիաների ազդեցիկ քահանա Մուկտադա աս-Սադրը:

AFP-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ հավաքվել են Բաղդադի արեւելքում գտնվող Ջադիրիա շրջան: «Հեռացի՛ր, հեռացի՛ր, օկուպանտ»,- բղավում են ցույցի մասնակիցները: Մյուսները շարունակում են՝ «Այո ինքնիշխանությանը»:

Սադրի ներկայացուցիչը ամբիոնից կարդացել է շիաների ազդեցիկ քահանայի ուղերձը:

Նա արտասահմանյան բոլոր ուժերին կոչ է արել լքել Իրանը, չեղարկել ԱՄՆ-ի հետ անվտանգության մասին համաձայնագրերը, փակել Իրաքի օդային տարածքը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արել «մեծամիտ» չլինել իրաքցի պաշտոնյաների հետ շփվելիս:  

«Եթե այդ ամենն իրականացվի, մենք ԱՄՆ-ին չենք դիտարկի որպես օկուպանտ, հակառակ դեպքում ԱՄՆ-ին կհամարենք թշնամի երկիր»,- ասվում է հայտարարության մեջ:

Reuters-ի հաղորդմամբ՝ դեպի Կանաչ գոտի տանող ճանապարհներն ու կամուրջները, որտեղ գտնվում են Իրաքի կառավարության եւ մի քանի արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների նստավայրեր, ներառյալ՝ ԱՄՆ դեսպանատունը, փակված են բետոնե պատնեշներով: