Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը եւ զարգացմանը:   

ԱԳ նախարարը եւ դեսպանը բարձր գնահատեցին Ուկրաինայի  հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջեւ  բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք ուղենշվեց հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորեցին տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Կողմերը կարեւորեցին նաեւ համագործակցության խորհրդարանական հարթակը եւ  համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: