Մեծ Բրիտանիան ուրբաթ դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է արտահանձնել դիվանագետի կնոջը, որը մասնակից է եղել բրիտանացի դեռահասի մահվան պատճառ հանդիսացած ՃՏՊ-ին, տեղեկացնում է Reuters-ը։

Բրիտանական դատախազությունը մինչ այդ պահանջել է արտահանձնել Էն Սակուլասին ողբերգական ՃՏՊ-ի պատճառով, ինչի հետեւանքով մահացել էր 19-ամյա Հարի Դանը։

Բայց ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Սակուլասը իմունիտետ ունի քրեական հետապնդումից, եւ նրա արտահանձնումը նախադեպ կհանդիսանա։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը կանչել է ԱՄՆ դեսպանին Լոնդոն, որպեսզի հայտնի իր դժգոհությունը։

«Մենք զգում ենք, որ դա հավասար է արդարությունը մերժելուն եւ կարծում ենք, որ Էն Սակուլասը պետք է վերադառնա Մեծ Բրիտանիա։ Եթե դա լիներ ԱՄՆ-ում ծառայող բրիտանացի դիվանագետ, Մեծ Բրիտանիան այլ կերպ կվարվեր»,- ասել է Ռաաբը։

Անցած տարվա օգոստոսին Էն Սակուլասը մասնակից էր դարձել ՃՏՊ-ի ԱՄՆ ՌՕՈւ բազայի մոտ, որը հանգեցրել էր բրիտանացի երիտասարդի մահվան։

Զոհվածի՝ Հարի Դանի ծնողները հայտարարել են, որ մոտոցիկլով տղան բախվել էր Սակուլասի մեքենային, որը դուրս էր եկել հանդիպակաց գիծ։

Միջադեպից հետո շատ չանցած կինն ստացել էր դիվանագիտական իմունիտետ եւ հեռացել Մեծ Բրիտանիայից։