«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման ծրագիրը առաջիկա օրերին հրապարակելու մտադրության պատճառով, որը հայտնի է որպես «դարի գործարք», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհրապարակի մերձավորարեւելյան կարգավորման պլանը մինչեւ հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախանշված հանդիպումը։

«Պլանի հրապարակումը ընտրություններից 5 շաբաթ առաջ եւ հենց այն օրը, երբ նշանակված են վարչապետի իմունիտետի վերաբերյալ բանավեճերը, պարզապես թույլ չի տա կարեւոր, ես նույնիսկ կասեի՝ վերջին բոլոր տարիների ամենակարեւոր քաղաքական նախաձեռնության առարկայական եւ համակողմանի քննարկում անցկացնել»,- ասվում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդի հայտարարությունում, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

«Հինգ շաբաթը մեծ ժամկետ չէ։ Ոչինչ չէր պատահի, եւ երկինքը փուլ չէր գա երկրի վրա, եթե այդ պլանը հրապարակվեր մարտի 3-ին»,- ավելացրել է Լիբերմանը։

Իսրայելական ԶԼՄ-ները ուրբաթ տեղեկացրել են նաեւ այն մասին, որ Բենի Գանցը, գուցե, հրաժարվի Սպիտակ տան հրավերից՝ այցելել ԱՄՆ գալիք շաբաթ։ Շաբաթ օրը նշանակված է «Կախոլ-Լավան»-ի առաջնորդի հատուկ հայտարարությունը լրագրողների համար։