Ավստրալիայի եւ Նոր Գվինեայի հյուսիսային ջրերում հայտնաբերվել են չորս նոր տեսակի տրոպիկական շնաձկներ, որոնք օգտվում են իրենց վերջույթներից ծովի հատակն անցնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ շնաձկների նոր տեսակները հայտնաբերվել էին 12-ամյա հետազոտությունների արդյունքում:

Վերոնշյալ տեսակները վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար եւ սնվում են փոքր ձկներով ու անողնաշարներով մանր ջրերում: Շնաձկները «քայլում» են կրծքային եւ կոնքային լողակների օգնությամբ, ինչը թույլ է տալիս նրանց զբաղվել սննդի հայթայթմամբ կորալների եւ ժայռերի տակ:

Ըստ Բնության պահպանության միջազգային կազմակերպություն,Գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների միության, Ֆլորիդայի բնական պատմության թանգարանի, Ինդոնեզիայի գիտությունների ինստիտուտի եւ Ինդոնեզիայի ծովային գործունեության ու ձկնորսության հարցերի նախարարության անցկացրած համատեղ գենետիկ անալիզի արդյունքների՝ «քայլող» շնաձկներն այդ ջրերում 9 մլն տարի առաջ ապրած ծովային գիշատիչների հետնորդներն են: