Կանադան եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ եւս 16 երկրներ հանդես են եկել ներքին վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմների ներդրման օգտին: Այս մասին նշված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր [հունվարի 24-ին] Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Կանադան եւ ԱՀԿ անդամ 16 երկիր պարտավորվել են միասին աշխատել առեւտրային վեճերի կարգավորման նպատակով ժամակավոր մեխանիզմների ներդրման նպատակով»,- նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ համաձայնագիրը «ԱՀԿ բոլոր անդամների համար բաց է»: Չի հստակեցվում, թե որ պետությունների մասին է խոսքը:

ԱԳՆ-ից նշել են, որ այս պայմանավորվածությունը հնարավոր է դարձել Կանադայի եւ Եվրամիության համատեղ աշխատանքի շնորհիվ, որոնք 2019-ի հուլիսին միակարծիք էին ԱՀԿ աշխատանքի խնդրի ժամանակավոր լուծման ամնհրաժեշտության հարցում, որն առաջացել էր ԱՄՆ կողմից նրա գործունեության արգելափակման հետեւանքով: Ամերիկացիները խոչընդոտում են այս կառույցի վերաքննիչ մարմնի նոր դատավորների նշանակմանը:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ժամանակավոր համաձայնագիրը գործելու է այնքան ժամանակ , մինչեւ ԱՀԿ վերաքննիչ մարմինը աշխատանքն ամբողջական ծավալով չվերականգնի:

Ավելի վաղ ԱՄՆ-ն տուրքեր էր սահմանել ԱՀԿ անդամ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների համար: Վաշինգտոնը չի ցանկանում թույլ տալ, որ համանման առեւտրային խոչընդոտներն անօրինական ճանաչվեն, եւ արգելափակում է վերաքննիչ մարմնի դատավորների նշանակումը: