Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որպեսզի գնան նախընտրական քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան՝ իրենք էլ դա չուզենալով։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած ասուլիսի ժամանակ՝ 100 փաստ ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

58-րդ կետը ներկայացնելիս վարչապետն ասաց, որ 700 միլիոն դրամով աճել է մի քանի մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում դրանք դառնալու են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող. «Հայաստանի ազգային պետական երգչախումբը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Հայաստանի ազգային ջազ նվագախումբը, Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ «Հովեր»-ը, «Տաղարան» համույթը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, Կամերային նվագախումբը, Կամերային երգչախումբը: Սա էլ երկրորդ կողմն է, մենք ասում ենք՝ սեփական միջոցներ պետք է գեներացնեք, բայց մենք չենք ասում՝ Կառավարությունը ձեզ չի ֆինանսավորելու, ընդհակառակը, մենք 100 տոկոս ֆինանսավորման ենք անցնում։ Սա անում ենք, որ մեր պետական-մշակութային գործիչները ստիպված չլինեն գնալ այս կամ այն մեծահարուստի առաջ վիզ ծռել, գնալ վետերոկների բացումներին՝ ճառեր ասել, ինչ ա թե այդ նախկին մեծահարուստները կամ օլիգարխները նրանց ինչ-որ վճարներ են տալիս, ստիպված չլինեն՝ գնալ կուսակցությունների նախընտրական հանդիպումների ժամանակ ելույթներ ունենան՝ այդպիսով հանրության շրջանում իջեցնելով իրենց վարքը, բայց մյուս կողմից ասում ենք, որ սա համարում ենք ժամանակավոր ֆինանսավորում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինայնը շեշտեց, որ առաջիկա տարիներին Կառավարությունը 100 տոկոսով կֆինանսավորի մշակութային-պետական այդ կազմակերպություններին, բայց այս ընթացքում պետք է մտածեն նաեւ նոր մեխանիզմների մասին. «Մի մասը սեփական եկամուտների գեներացումն է, մյուս մասը՝ դասական երաժշտության բարեկամների ասոցիացիաների ձեւավորումը, երրորդ հատվածը՝ գովազդային միջոցառումները, զբոսաշրջության հետ կապելը»։

Նա ընդգծեց, որ խնդիրներ կան նաեւ դասական երաժշտության ոլորտում. «Շատ դեպքերում մշակութային կազմակերպությունը տարվա համերգների հաստատված ցանկ չունի, որպեսզի մտցնեն դա տուրիստական փաթեթների մեջ»։