Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ հեղաշրջման փորձ է կանխվել, վարչապետը նշեց․ «Արմեն Գրիգորյանը չի հայտարարել, թե պետական հեղաշրջման փորձ է կանխվել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության։  

«Հեղաշրջում», «պետական հեղաշրջում», «պատերազմ» և այս կարգի հասկացությունները փոփոխություն են կրում մեր ժամանակներում, ինչպես օրինակ՝ կա հիբրիդային պատերազմ, որն ընթանում է, բայց ոչ ոք չի նկատում: Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք որպես հիբրիդային ինչ-որ երևույթի մեկնաբանություն` կարող ենք անվանել հեղաշրջման հիբրիդային նախապարտրաստություններ: Հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք պարտված է և ջախջախված»։

Վարչապետի խոսքով՝ այդ հիբրիդային պրոցեսի անբաժան մասն է այն, որ «տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցցանցերով ՀՀ ղեկավարի, նրա ընտանիքի, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություն տարածելու համար․ «Ընդ որում,  դա արվում է ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի: «Հեղաշրջում» բառը այս պրոցեսի մեջ տեղավորվում է, որովհետև հընթացք այս պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության, դրա մեջ ներգրավված են նաև շատ նախկին պաշտոնյաներ,  պաշտոնյաներ դատական համակարգից, ՍԴ-ում կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ։ Բայց ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ-ի 80 տոկոսը դրանում ներգրավված չէ»:

Փաշինյանի խոսքով՝ նպատակը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելն է․ «ՀՀ ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, բավարար ապացույցների դեպքում մարդիկ կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության, սակայն պրոցեսի նպատակը ինչ-որ մարդկանց դատելը չէ, այլ` ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը չեզոքացնելն է և արդեն չեզոքացված են։ Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը»։