Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի այն հայտարարության հետ, եթե երկրի առաջնորդը քաղաքական հետապնդում է իրականացնում, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես համաձայն է։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

«Արտահայտված կարծիքի հետ լիովին համաձայն եմ։ Եթե որեւէ իշխանություն որեւէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»։

Հիշեցնենք, որ Transparency International-ը հրապարակել էր իր ավանդական զեկույցը, որտեղ անդրադարձել էր նաեւ Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսեւորումները մեկնաբանել էր նաեւ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։ Տնտեսագետը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: