Ամերիկյան իշխանությունները խախտում են մարդու իրավունքները եւ միջազգային նորմերը՝ արտասահմանում իրանցիներին եւ ծագումով Իրանից անձանց հարցաքննելով նրանց քաղաքական հայացքների շուրջ: Այս մասին հայատարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սրանք խտրական գործողությկուններ են՝ հիմնված մարդկանց ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելության վրա, որոնք ամբողջությամբ հակասում են օրենքներին եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին»,- ասել է Մուսավին: Դիվանագետի խոսքով՝ «ամերիկացի սահմանապահները եւ ԶՈՒ ներկայացուցիչները իրանցիներին հարցաքննում են՝ կապված նրանց քաղաքական հայացքների եւ համոզմունքների հետ»: Մուսավիի խոսքով՝ «այս գործողություններն իրականացվում են Իրանի հանդեպ ԱՄՆ իշխանությունների չար եւ թշնամական քաղաքականության շրջանակում»:

Ուրբաթ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Կանադայի սահմանին աշխատող ամերիկացի սահմանապահներին կարգադրվել է ծագումով Իրանից անձանց կանգնեցնել եւ հարցաքննել՝ կապված Մերձավոր Արեւելքում իրավիճակի լարման հետ: ՀԸ տեղեկություններով՝ Իրանում ծնված տասնյակ ամերիկացիների մի քանի ժամ հարցաքննել են Վաշինգտոն նահանգի Բլեյն քաղաքի հսկիչ անցակետում այն բանից հետո, որբ ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, որի հետեւանքով զոհվել էր ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: