Twitter-ի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ-ի Տիեզերական զորքերի լոգոտիպը, որը նախօրեին ներկայացրել էր Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Շրջանաձեւ պատկերի կենտրոնում Երկրի սխեմատիկ մոդելն է, մուգ կապույտ ֆոնին դրա հետեւում պատկերված են աստղերը: Առջեւի պլանում ներկայացված է նետի սուր ծայր հիշեցնող սպիտակ պատկեր, որն ուղղված է դեպի վեր եւ գոտեւորված է ուղեծրով:

Մեկնաբանները շատ արագ հայտնաբերել են նմանություն «Մոլորակների միավորված ֆեդերացիայի» խորհրդանիշի հետ, որը ներկայացված է տիեզերքում գիտական արշավախմբի արկածների մասին «Սթարթրեք» սերիալում:

«Ինչ-որ տեղ ես տեսել եմ այդ խորհրդանիշը…Սակայն որտե՞ղ…»,-ծաղրել է @windthin-ը՝ անմիջապես գրառմանը կցելով հեռուստաշոուից նկարը:

«Ի՞նչ է՝ դուք գողացե՞լ եք «Սթարթրեք»-ի լոգոտիպը»,-զարմացել է @eugenegu-ը:

«Թվում է՝ այստեղ ինչ-որ տեղ կա ապրանքանիշի իրավունքների խախտում»,-գրել է @AdamParkhomenko-ն:

«Ըստ ամենայնի, շուտով ձեզ հետ կապ կհաստատեն «Սթարթրեք»-ի փաստաբանները»,-նշել է @Pappiness-ը: