Սլովակիայի ազգային թանգարանը գողության հետեւանքով զրկվել է նումիզմատիկայի հավաքածուի մի մասից։ Առեւանգված հին մետաղադրամների արժեքը անցնում է 1 մլն եվրոյից, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է բրատիսլավյան Pravda թերթը։

Թերթի տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործության հետաքննություն է սկսել եւ խոստանում է տեղի ունեցածի մասին հունվարի 27-ին հանրությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրել։

Գողության մասին տեղեկատվությունը, մետաղադրամների լուսանկարներով եւ նկարագրությամբ, կուղարկվի Ինտերպոլ եւ կներառվի արվեստի ու հնությունների գողացված իրերի հատուկ միջազգային բազայում։ Բրատիսլավայում կարծում են, որ հնաոճ նմուշները կհաջողվի վերադարձնել թանգարան։

Սլովակիայի ազգային թանգարանի նումիզմատիկայի հավաքածուում հիմնականում Կրեմնիցա քաղաքի դրամական պալատում պատրաստված Հունգարական թագավորության (1001-1918), Հռոմեական սուրբ կայսրության (962-1806), Ավստրիական կայսրության (1804-1867) եւ Ավստրո-Հունգարիայի (1867-1918) մետաղադրամներ են։ Այն աշխարհի հնագույն դրամային պալատներից է եւ գործում է 1328 թվականից։