Չորս մարդ զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ Էն Նասիրիա քաղաքում ցուցարարների ու ոստիկանների բախման հետեւանքով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկաններին եւ բժիշկներին։

Նրանց տեղեկատվությամբ՝ Բաղդադում սպանվել է ցույցերի մեկ մասնակից, ավելի քան 30-ը վիրավորվել է։ Բախումները տեղի են ունեցել Տահրիր հրապարակի շրջանում։ Էն Նասիրիայում բուժաշխատողները հայտնում են երեք սպանված եւ 14 վիրավոր ցուցարարների մասին։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ երկրի այլ քաղաքներում։

Նշվում է, որ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ զենք եւ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 29-ին Բաղդադում եւ երկրի այլ քաղաքներում անցկացվել է «միլիոնների երթ»՝ ամերիկյան զորքերը Իրաքից հանելու պահանջով։ Իրաքյան շիաների առաջնորդ Մուկտադ Աս Սադրն իր ուղերձում պահանջել է փակել երկրի օդային տարածքը ամերիկյան ռազմական նպատակների համար եւ արգելել ամերիկյան զորքերին օգտագործել իրաքյան ռազմաբազաները։

2019թ․ դեկտեմբերի 29-ին շիական խմբավորումներին հարվածելու ամերիկացիների գործողությունները քննադատության էին արժանացել Իրաքի իշխանությունների կողմից։ Հունվարի 5-ին երկրի խորհրդարանը, որտեղ Մուկտադ Աս Սադրի խմբակցությունն ամենամեծն է, բոլոր արտասահմանյան զորքերը երկրից հանելու բանաձեւ է ընդունել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է դա անել՝ Իրաքին սպառնալով «աննախադեպ պատժամիջոցներով»։