ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է ամերիկյան ռադիոհաղորդավարուհի Մերի Լուիզ Քելլիի հետ իր կոնֆլիկտը՝ նրան մեղադրելով ստի եւ լրագրողության ու բարեկրթության կանոնների խախտման մեջ, ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ NPR ռադիոկայանը հաղորդել էր, որ Պոմպեոն բազմիցս կոպտել է Քելլիին Ուկրաինայի մասին նրա հարցից հետո։ Հարցազրույցի ժամանակ պետքարտուղարը նշել է, որ ինքը համաձայնել է քննարկել իրավիճակը Իրանում, սակայն չի պատրաստվում քննարկել ԱՄՆ-ի քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ։ Հարցազրույցից հետո Պոմպեոն հաղորդավարուհուն հրավիրել է իր մոտ՝ զրուցելու։ Քելլին հայտարարել է, որ պետքարտուղարն իրեն հարցրել է, թե համարո՞ւմ է արդյոք ինքը, որ ամերիկացիներին հետաքրքրում է Ուկրաինան, որից հետո խնդրել է քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է այն գտնվում։

«NPR-ի թղթակից Լուիզ Քելլին ինձ երկու անգամ ստել է։ Առաջինը՝ անցյալ ամիս մեր հարցազրույցը պատրաստելիս, այնուհետեւ երեկ՝ համաձայնելով հարցազրույցից հետո մեր զրույցը չձայնագրել։ Ամոթ է, որ այդ թղթակիցը որոշել է խախտել լրագրողության եւ բարեկրթության հիմնական կանոնները։ Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են խելագար ԶԼՄ-ները փորձում վնաս պատճառել նախագահ Թրամփին եւ նրա վարչակազմին։ Զարմանալի չէ, որ ամերիկյան ժողովուրդը չի վստահում շատ ԶԼՄ-ների»,- հայտարարել է Պոմպեոն։

Պետքարտուղարը նաեւ ակնարկել է, թե լրագրողուհի Քելլին չի կարողացել ճիշտ ցույց տալ Ուկրաինայի տեղը աշխարհի քարտեզի վրա, երբ ինքը խնդրել է նրան այդ մասին։ «Հարկ է նշել, որ Բանգլադեշն Ուկրաինա չէ»,- հավելել է Պոմպեոն։