Associated Press-ն իր YouTube-ալիքում հրապարակել է տեսանյութ, որը, գործակալության տվյալներով, արվել է 2018 թվականի ապրիլի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընթրիքի ժամանակ Վաշինգտոնի Trump International Hotel-ում: AP-ի տեղեկություններով՝ հանդիպմանը նաեւ ներկա են գտնվել գործարարներ Լեւ Պարնասն ու Իգոր Ֆրումանը, որոնք, համարվում է, որ կապ ունեն Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ, հաղորդում է ՌԲԿ-ը:

Տեսանյութը տեւում է 1 ժամ 23 րոպե, ով է այն նկարել՝ չի նշվում: Գործակալության տվյալներով՝ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահը հետաքրքրվել է՝ որքան երկար Ուկրաինակն կկարողանա դիմադրել «ռուսական ագրեսիային» առանց ԱՄՆ-ի օգնության:

«Որքա՞ն երկար նրանք [Ուկրաինա] կդիմադրեն Ռուսաստանի հետ պայքարում»,-հարցրել է մարդը, որն, ըստ AP-ի, Թրամփն է: Այնուհետեւ նա անդրադառնում է Մարի Յովանովիչին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից հեռացնելու թեմային (այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2016-2019 թթ.):

ABC News հեռուստաալիքը հրապարակել է ձայնագրության հատվածներ, որոնք, ինչպես պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը, արվել են Ֆրումանի հետ այդ նույն հանդիպման ժամանակ:

«Ամենամեծ խնդիրը, որից, ես գտնում եմ, պետք է սկսել, այն է, որ պետք է ազատվել դեսպանից: Նա մնացել է դեռեւս Քլինթոնի վարչակազմի ժամանակաշրջանից,-ասում է մարդը, որին ABC-ն անվանում է Պարնաս:-Նա բոլորին ասում է. «Սպասեք, նրան [Թրամփին] դեռ իմփիչմենթ է սպասվում, պարզապես սպասեք»:

ABC-ի տեղեկություններով՝ Թրամփը պատասխանել է. «Ազատվեք նրանից հենց վաղը: Ինձ համար միեւնույն է: Ազատվեք նրանից վաղը: Հեռացրեք նրան, լա՞վ: Արեք դա»:

ABC-ի հաղորդմամբ՝ ձայնագրության կրկնօրինակն ուղարկվել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազություն, որտեղ չեն մեկնաբանել տեղեկատվությունը:

Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Ուկրաինայի էներգաշուկան, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի գործողությունները, որը, Թրամփի խոսքով, լավ աշխատանք է կատարում, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Թրամփի առաջիկա առաջին հանդիպումը (այն կայացել է 2018 թվականի հունիսին Սինգապուրում) եւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, հաղորդում է AP-ը: Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը ներկա է եղել նաեւ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերն ու նրա նախկին խորհրդական Ջոնի դե Սթեֆանոն:

Ընթրիքի ավարտին, գրում է AP-ը, Պարնասը փոխանցել է Թրամփին նվեր Ուկրաինայում գլխավոր ռաբբիից եւ Իսրայելի ռաբբիներից: Նա զուգահեռ է անցկացրել Թրամփի եւ Մեսիայի միջեւ, «որը եկել էր ամբողջ աշխարհը փրկելու», եւ անվանել Ամերիկայի առաջնորդին «Ուկրաինայի փրկիչ»: Գործակալության տեղեկություններով՝ դրանից հետո Ֆրումանը հայտարարել էր. «Ուկրաինայի բոլոր հրեաները աղոթում են ձեզ համար»:

Տեսագրության տարածումը կարող է նշանակալի դեր խաղալ Թրամփի իմփիչմենթի գործում եւ հակադարձել ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին այն մասին, որ նա չէր ճանաչում Ֆրումանին եւ Պարնասին, նշում է գործակալությունը: Գործարարներին ձերբակալել են ԱՄՆ-ում 2019 թվականի հոկտեմբերին՝ կասկածելով հանրապետական թեկնածուներին սատարող քաղաքական ֆոնդին հարյուր հազարավոր դոլարներ փոխանցելու շուրջ Դաշնային ընտրահանձնաժողովի ներկայացրած տվյալները կեղծելու մեջ: Ավելի ուշ ԱՄՆ-ի դատախազությունը սկսել էր հետաքննություն Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ: Դա վերաբերում էր նրան, թե ունեցել է արդյոք Թրամփի փաստաբանն ու Նյու Յորքի նախկին քաղաքապետն անձնական շահ Ուկրաինայում գազային նախագծերից, որոնք իրականացնում էին Ֆրումանն ու Պարնասը, հաղորդում են WSJ-ն ու Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: