Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից եվ նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ որակավորման դասընթացից դուրս մնացած սպաների բողոքի ակցիային Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական համալսարանի մոտ:

«Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որեվիցե դրսեորոււմ բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից եվ նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել  է նա։

Նշենք, որ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած սպաներից մեկն ասել էր, որ իրենք բողոքի ակցիա են անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ` պահանջելով վերականգնել իրենց որակավորման դասընթացներին, որի արդյունքում իրենք կարող են պաշտոնի առաջխաղացում ունենան: