Իսրայելի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ թույլ կտա իսրայելցիներին մեկնել Սաուդյան Արաբիա կրոնական կամ գործնական նպատակով, հաղորդում է AP-ը: Նախկինում այդպիսի այցելությունները պահանջում էին կառավարության հատուկ թույլտվությունը, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Իսրայելն ու Սաուդյան Արաբիան չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ: Սակայն երկու երկրները համաձայնության են եկել Իրանի նկատմամբ ընդհանուր թշնամանքի ֆոնին:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի այցելուներին անհրաժեշտ կլինի պաշտոնական հրավեր թագավորություն մուտք գործելու համար: Նշվում է, որ այդ որոշումը համաձայնեցված է Իսրայելի անվտանգության ծառայությունների եւ այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ:

Իսրայելն ունի պաշտոնական խաղաղ համաձայնագիր միայն երկու արաբական երկրների՝ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: