«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն այսօր հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:

Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած եւ նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ եւ կազմակերպվածությամբ:

Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,-նշել  է նա: