Դեկտեմբերին Կորեայի Հանրապետության հարավարեւմտյան Քվանջու քաղաքի նախկին բանտի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված մարդկային մարմինների մնացորդները պատկանում են ավելի քան 250 մարդու։ Այս մասին Yonhap գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը երկրի իրավապահ մարմիններում։

Նրա տվյալներով՝ քրեագետներն ուսումնասիրել են ոսկորները եւ եկել այն եզրակացության, որ տեղամասում, որտեղ գտնվել է նախկին բանտը, թաղված է ոչ թե 80, ինչպես ենթադրվում էր, այլ ավելի քան 250 մարդ։

Ինչպես նշում է գործակալությունը, ենթադրություն է արվում, որ մնացորդները կարող են պատկանել 1980 թվականին հակակառավարական ելույթների ժամանակ անհայտ կորածներին։ Այն ժամանակ շատ քաղաքացիներ հայտնվել են այս բանտում։ Վարկածներից մեկի համաձայն՝ ապստամբության մասնակիցներից ոմանք կարող էին գաղտնի մահապատժի ենթարկված լինել եւ թաղվել կատարողական հիմնարկի տարածքում։ Մյուս վարկածի համաձայն՝ մնացորդները պատկանում են բանտում մահացած բանտարկյալներին, որոնց մարմինները հարազատները չեն պահանջել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

1980 թվականի մայիսին հարավկորեացիները զանգվածային ցույցերի էին դուրս եկել՝ դեմոկրատական բարեփոխումների կոչերով։ Երկրում իշխանությունը բռնազավթած նախագահ Չոն Դու Հվանի հրամանով բանակը դաժանաբար ճնշեց ապստամբությունը։ Պաշտոնական տվյալներով՝ զոհված քաղաքացիական անձանց թիվը գերազանցել է մի քանի հարյուրը, հազարավորները վիրավորվել են, եւս 76 մարդ համարվում է անհայտ կորած։