Բրազիլիայի հարավ-արեւելքում հորդ անձրեւների զոհ է դարձել 53 մարդ։ Զոհվածների մասին թարմացված տվյալները կիրակի հրապարակել է Մինաս Ժերայս նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, որտեղ զոհերի թիվը հասել է 44 մարդու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փրկարարների տեղեկատվությամբ՝ անհայտ կորած է համարվում 19 մարդ։ Մոտ 14 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, ավելի քան 3,3 հազար հոգի մնացել է անօթեւան։ Եվս ինը մարդ զոհվել է հարեւան Էսպիրիտու Սանտուում։ Օդերեւութաբանների տվյալներով՝ մեկ օրում, հինգշաբթի օրվա առավոտյան ժամը 9-ից Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում 110 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային տեղումներ են գրանցվել՝ 171,8 միլիմետր։ Հունվարին անձրեւի միջին ամսական նորմը նահանգում գերազանցվել է ավելի քան երկու անգամ։

Կրկնակի՝ մինչեւ 99, ավելացել է այն քաղաքների թիվը, որտեղ իշխանությունները դրությունն արտակարգ են համարում։ Կիրակի իրավիճակը տարածաշրջանում գնահատել է Բրազիլիայի տարածաշրջանային զարգացման նախարար Գուստավու Կանուտուն։ Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ արդեն 90 մլն ռեալ (ավելի քան 21,5 մլն դոլար) են փոխանցել փրկարարներին բնական արհավիրքի հետեւանքների դեմ պայքարի համար եւ խոստացել են ավելի շուտ փոխանցել տարերքից տուժածների ամենամյա սոցիալական վճարները։

Մինչ այդ՝ շաբաթ օրը, Բրազիլիայի Ազգային քաղաքացիական պաշտպանության վարչությունը առավելագույն պատրաստության վիճակի էր բերել Աղետների ռիսկերի կառավարման կենտրոնը՝ երկրի կենտրոնական եւ հարավարեւելյան նահանգներում հորդ անձրեւների հետ կապված։ Այս միջոցառումը թելադրված էր անբարենպաստ եղանակային-կլիմայական իրավիճակով, որը տարածաշրջանում գրանցվել է նախորդ օրերին։ Հորդ անձրեւներից ամենից շատ տուժել են Մինաս Ժերայս, Էսպիրիտու Սանտու, Գոյաս եւ Ռիո դե Ժանեյրո նահանգները, ինչպես նաեւ մայրաքաղաքային դաշնային օկրուգը, նշել են փրկարարները։