Մեքսիկայի գլխավոր դատախազությունը վեց առաձնակի վտանգավոր հանցագործի է հանձնել ԱՄՆ-ին, այդ թվում «Սինալոա» նարկոկարտելի նախկին պարագլուխ Խոակին Գուսմանի հանցակիցներից մեկին։ Այս մասին ասվում է հսկիչ գերատեսչության հրապարակած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գուսմանի հանցակիցը՝ Նոս կեղծանվամբ (լրիվ անունը չի նշվում) քրեական հեղինակության վստահելի անձանցից էր եւ բարձր դիրք էր զբաղեցնում հանցավոր խմբավորման հիերարխիայում։ Ամերիկյան արդարադատությունը նրան մեղադրում է հանցավոր դավադրության եւ մի շարք այլ վտանգավոր հանցանքներում։ ԱՄՆ-ում դատարանի առջեւ կանգնողների մեջ են նաեւ «Արելյանո Ֆելիքս» եւ «Գրանադոս» նարկոկարտելների անդամներ, որոնց կասկածում են միտումնավոր սպանությունների, փողերի լվացման, մաքսանենգության եւ թմրանյութերի վաճառքի, ինչպես նաեւ մարդկանց վաճառքի մեջ։

Խոակին Գուսմանին Մեքսիկան ԱՄՆ-ին է արտահանձնել 2017 թվականի հունվարին։ 2019 թվականի փետրվարին Նյու Յորքի նահանգի Արեւելյան դատարանի ատենակալները նրան մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ Հուլիսի կեսին նարկոբարոնը դատապարտվել է ցմահ բանտարկության, նրան նաեւ պարտավորեցրել են վճարել 12,6 մլրդ դոլար տուգանք։