Իհարկե, անընդունելի է նար արարքը, մենք արդեն հայտարարություն տարածել ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրչյանը ՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Հարցին, թե պե՞տք է հեռացնել Հարթենյանին ավագանու կազմից, նա պատասխանեց. «Քննարկումներում կհասկանանք, ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը եւ խմբակցությունով հասկանանք:

Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարությունում։