Եվրասիական տնտեսական միության երկրները դիմել են ՌԴ-ին՝ Ռուսաստանում մշակված թեստ համակարգերն օգտագործելու խնդրանքով՝ կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով, տեղեկացրել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հաշվի առնելով, որ մենք Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ միասնական համաճարակաբանական տարածք ունենք, ես հենց նոր խորհրդակցություն եմ անցկացրել, տեսասելեկտորային խորհրդակցություն հինգ երկրների գլխավոր սանիտարական բժիշկների կամ գործընկերների հետ։ Մեզ են միացել Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Մենք մշակել ենք ընդհանուր մոտեցումները, լսել միմյանց եւ նրանց բոլորից ստացել ենք հարցում ՌԴ մշակած թեստ համակարգերից օգտվելու համար։ Այս հարցով մենք հիմա զբաղվում ենք»,- ասել է Պոպովան լրագրողներին։

Որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ, ավելացրել է նա։

«Եվ մենք պայմանավորվել ենք, որ անհրաժեշտության դեպքում այդ երկրների գործընկերներին մենք կտրամադրենք մեր բոլոր լաբորատոր հնարավորությունները եւ պատրաստ ենք հետազոտել ցանկացած նմուշ, որոնք կարող են անհրաժեշտ օգնության կարիք ունենալ այդ վտանգավոր հիվանդության ախտորոշման ուղղությամբ»,- նշել է Պոպովան։

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են հիվանդության հարուցիչը՝ դա 2019-nCoV կորոնավիրուսն է։ Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակը գրանցվել է Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում։ Վարակվածների ընդհանուր թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 2744-ի, 80 հոգի մահացել է։

Կորոնավիրուսները ավելի քան 30 վիրուսների ընտանիք են՝ բաժանված երկու ենթաընտանիքի։ Առաջին անգամ հայտնաբերվել են 1965 թվականին։ Ախտահարում են մարդկանց, ընտանի կենդանիներին, թռչուններին, խոզերին, խոշոր եղջերավոր անասուններին։ Կորոնավիրուսը կարող է առաջ բերել շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի ախտահարումներ։