ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով երբեւէ կայացվելիք որեւէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով։

Վարոսյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արսեն Բաբայանի գործով երբեւէ կայացվելիք որեւէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսեւորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Շնորհավորում եմ Արսեն Բաբայանին, ինչպես նաեւ այդ գործով մյուս (նաեւ ենթադրյալ) մեղադրյալներին»։               

Նշենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: