Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի շարք ներկայացուցիչներ բողոքարկել են ՌԴ պատվիրակության լիազորությունները երկուշաբթի ձմեռային նստաշրջանի բացման  ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, նման նախաձեռնությամբ հանդես է եկել Լիտվայի պատվիրակ Զինգերիս Էմանուելիսը։

«Բոլոր պահանջները կատարված են, ՌԴ պատվիրակության լիազորությունները ուղարկվում են մոնիթորինգի կոմիտե, այն կպատրաստի զեկույց»,- նրա ելույթից հետո ասել է ԵԽԽՎ նիստը վարողը։

«Գործընկերներիս անունից կցանկանայի բողոքարկել ՌԴ լիազորությունները էական հիմնավորումների վերաբերյալ։ Առաջարկվել է (Ռուսաստանում) քվեարկություն միջազգային իրավունքի հարցերի շուրջ... Այս պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չեն գործում,- ասել է Էմանուելիսը։- Չեն կատարվում (ԵԽԽՎ) բանաձեւերը, ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները (որպես Եվրոպայի խորհրդի անդամ)»։

Լատվիացի պատգամավոր Մարիա Գոլուբեւան եւս կոչ է արել բողոքարկել ռուսական պատվիրակության լիազորությունները էական հիմնավորումների գծով՝ պատվիրակությունում Ղրիմի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՌԴ դաշնային խորհրդարանական ընտրություններին այդ շրջանից քաղաքական գործիչների մասնակցության պատճառով։

Բողոքարկման ընթացակարգը

ԵԽԽՎ կանոնակարգով՝ բոլոր ազգային պատվիրակությունները տարվա առաջին նստաշրջանից առաջ պետք է ընթացիկ տարվա խորհրդաժողովի աշխատանքին մասնակցության հայտ ուղարկեն։ Նստաշրջանի առաջին օրը պատվիրակությունների լիազորությունները հաստատվում են ավտոմատ կերպով, եթե ԵԽԽՎ անդամների կողմից առարկություններ չեն լինում։ Լիազորությունների բողոքարկման համար լիագումար նիստերի դահլիճում պետք է կանգնի 30-ից ոչ պակաս խորհրդարանական հինգից ոչ պակաս ազգային պատվիրակություններից։

Այնուհետեւ մոնիթորինգի կոմիտեն 24 ժամվա ընթացքում պատրաստում է զեկույց եւ համապատասխան բանաձեւի նախագիծ։ Մինչեւ զեկույցի հրապարակումը եւ բանաձեւի ընդունումը պատվիրակությունն ունի բոլոր իրավունքները (կարող է մասնակցել նիստին, ելույթ ունենալ եւ քվեարկել)։ Լիազորությունների վավերացման մասին բանաձեւի նախագծի քվեարկությանը մասնակցելու իրավունք չունի այն պատվիրակությունը, որի հանդեպ իրականացվում է բողոքարկման ընթացակարգը։