Աֆղանստանի արեւելքում Գազնի նահանգում օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախնական տեղեկություններով օդանավում եղել է ավելի քան 80 մարդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Tolo News պարբերականը՝ նշելով, որ օդանավն ընկել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Միաժամանակ, ռուսական լրատվական գործակալությունները, վկայակոչելով տեղական Ariana News պարբերականը, հայտնում են, որ ուղեւորները կարող էին ավելի շատ լինել՝ մինչեւ 110 մարդ:

Նախապես հաղորդվում էր, որ օդանավը կարող էր պատկանել Ariana Afghan Airlines ավիաընկերությանը: Սակայն ավելի ուշ ընկերության տնօրենը տեղական լրատվական գործակալությունների հետ զրույցում դա հերքել էր, նշել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարածքային իշխանություններն ավելի ուշ հայտնել էին, որ օդանավը կարող էր պատկանել արտասահմանյան ընկերության, քանի որ օդանավի բեկորների միջից կարողացել են հանել օդաչուի մարմինը, որն օտարերկրացու արտաքին ուներ: Նշվում է, որ օդանավն ամբողջությամբ այրվել է:

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում է, որ օդանավը կարող էր ռազմական լինել: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: