Խեցու ուսումնասիրությունը, որը հնագետներն Իսպանիայում հայտնաբերել են մեր թվարակության առաջին դարի գերեզմանում, ցույց է տվել, որ կակղամորթի խեցին օգտագործվել է որպես «կոսմետիչկա»։ Այս մասին, հղում կատարելով Իսպանիայի Մշակութային ժառանգության ինստիտուտի եւ Գրանադայի համալսարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Մերիդա քաղաքի պատմագեղարվեստական եւ հնագիտական խորհրդի ներկայացուցիչներին, տեղեկացնում է Planet- today-ը՝ վկայակոչելով The History Blog-ին։

Խեցին, որի մասին խոսվում է, գտել են 2000 թվականին, Մերիդայի պեղումների ժամանակ։ Հին Հռոմի ժամանակներում քաղաքն անվանվել է Augusta Emerita եւ եղել է Լուզիտանիա նահանգի կենտրոնը։ Քաղաքի հյուսարեւելյան մուտքի հետեւի մասում եղել է գերեզմանատեղի, որն էլ դարձել է հնագիտական հետազոտությունների առարկա։ Հին գերեզմաններից մեկում պահպանվել են արտեֆակտներ (խեցեղեն, ապակյա անոթներ, անուշահոտության սրվակներ եւ այլն), որոնց մեջ հատկապես աչքի են ընկնում ծովային կակղամորթի խեցիները։

«Մեր առջեւ մեծ կատարիկի՝ հյուսիսային Ատլանտիկայում բավական տարածված կակղամորթի խեցի է։ Դատելով դրա փեղկի վրա թելերի համար արված անցքերից՝ խեցին օգտագործվել է որպես զարդատուփ։ Մենք գիտենք, որ այս տեսակի զարդատուփերն իսկապես գոյություն են ունեցել, առարկան կրել է «պիկսիդա» անվանումը եւ օգտագործվել է փոշիների, քսուքների, անուշահոտությունների կամ դիմահարդարման միջոցների պահպանման համար»,- ասում են իսպանացի գիտնականները։ Խեցու մեջ պահպանված նյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պիկսիդայում պահել են բուսական հիմքով ներկանյութ։