Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում կառավարությունների եւ այլ կազմակերպությունների դեմ ուղղված զանգվածային կիբեռհարձակումները Թուրքիայի կառավարության շահերի շրջանակում գործող հաքերների աշխատանքն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արեւմտյան հատուկ ծառայությունների 3 բարձրաստիճան ներկայացուցիչների:

Հաքերները հարձակվել են նվազագույնը 30 կազմակերպության վրա, ներառյալ նախարարություններ, դեսպանություններ եւ անվտանգության ծառայություններ, ինչպես նաեւ ընկերությունների եւ այլ խմբերի վրա: Ըստ հաշվետվությունների՝տուժել են Կիպրոսի եւ Հունաստանի կառավարությունների էլեկտրոնային փոստի ծառայությունը ու Իրաքի կառավարության ազգային անվտանգության հարցերով  խորհրդականը:

Հարձակումները ներառում են զոհերի կայքերում համացանցային թրաֆիքի որսում, ինչը հաքերներին թույլ է տվել անօրինական հասանելիություն ստանալ պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների ցանցերին:

Բրիտանացի երկու եւ ամերիկացի մեկ պաշտոնյաների խոսքով՝ այս գործունեությունն ունի պետության կողմից աջակցվող կիբեռլրտեսության գործողությանը հատկանշական բնութագրեր, որն անցկացվում է Թուրքիայի շահերն առաջ մղելու համար:

Պաշտոնյաները հայտարարել են, որ այս եզրահանգումը հիմնված է 3 տարրի վրա՝ զոհերի անձը եւ գտնվելու վայրը, այդ թվում՝ Թուրքիայի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկրների կառավարությունները, նախորդ հարձակումների հետ նմանությունը, որոնք, ըստ նրանց, օգտագործել են Թուրքիայում գրանցված ենթակառուցվածք, եւ հետախուզության գաղտնի գնահատականներ պարունակող տեղեկությունները, ինչը նրանք հրաժարվել են մանրամասնել:

Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ «հարձակումների մասին համապատասխան գերատեսչությունները տեղեկացել են եւ դրանք զսպելու միջոցներ են ձեռնարկել»: «Մենք ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ առանձնահատկությունները չենք մեկնաբանի»,- նշել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչը:

Աթենքում պաշտոնատար անձինք ասել են, թե իրենք ապացույցներ չունեն, որ Հունաստանի կառավարության էլեկտրոնային փոստը վարկաբեկվել է: Իրաքի կառավարությունը մեկնաբանություններ տալու վերաբերյալ հարցումներին չի պատասխանել:

Կիպրոսցների, հույների եւ իրաքցիների վրա բոլոր հարձակումները, որոնք հայտնաբերել է Reuters գործակալությունը, տեղի են ունեցել 2018 թվականի վերջին կամ 2019-ի սկզբին: Պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կիբեռանվտանգության հարցերով քննիչների խոսքով՝ հարձակումների ավելի լայն շարքը շարունակվում է:

Կիբեռանվտանգության հարցերով մասնագետները պնդում են, որ հարձակումներն ընդգծում են առցանց ենթակառուցվածքների հիմնական բաղառրիչի թուլությունը, ինչի պատճառով զոհերը կարող են հարձակումների ենթարկվել սեփական ցանցերից դուրս, ինչը դժվարեցնում է դրանց հայտնաբերումը ե դրանցից պաշտպանությունը: