Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հերքել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հանդիպման հնարավորությունը, տեղեկացնում է Mehr-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երազում է երկկողմ հանդիպման մասին, որպեսզի բավարարի «Թրամփի գործարքի» հանդեպ իր կիրքը։ Սա ցանկալին իրականության տեղ ընդունել է»,- գրել է նա Թվիթերում։

Զարիֆն ավելացրել է, որ «բանակցությունների միակ հնարավոր տեղը 5+1 սեղանն է, որից Թրամփը հեռացել է, վերադարձը 2017-ին եւ վնասի փոխհատուցումն Իրանին»։

Այս թվիթը հաջորդել է Զարիֆի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նա ծաղրել էր Թրամփին այն բանի համար, որ նա հերքել էր, թե սխալ է մեկնաբանել Զարիֆի՝ Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների կոչը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման պայմանով։

Զարիֆը Թրամփին կոչ է արել իր արտաքին քաղաքական որոշումները հիմնել «փաստերի», այլ ոչ թե իր սիրելի աջ հեռուստաալիքի՝ Fox News-ի կամ ֆարսիից իր թարգմանիչների թարգմանած նորությունների կանխակալ գլխագրերի վրա։

Զարիֆն այդ կերպ էր արձագանքել Թրամփի թվիթին՝ գրված ֆարսիով եւ անգլերենով, որտեղ վերջինը նշել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարը ցանկանում է «պայմանավորվել» Վաշինգտոնի հետ եւ «չեղարկել պատժամիջոցները»։ «Շնորհակալություն, կարիք չկա»,- գրել էր Թրամփը։

Ավելի վաղ, Der Spiegel-ի հարցազրույցում Զարիֆն ասել էր, որ Թրամփի վարչակազմը սկզբում պետք է հանի պատժամիջոցները, որոնք մտցրել է Իրանի դեմ միջուկային գործարքից դուրս գալուց հետո, նոր վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։