Նախաքննական տվյալներին մանրակրկիտ տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ ամենակարեւոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց. անարյուն հանգուցալուծմանը մենք ներկա եղանք։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Բաղրամյան 26–ում Բանակի տոնին նվիրված պարգեւտրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով վերջերս «Էրեբունի պլազայում» տղամարդու կողմից կրակոցներ արձակելու դեպքին։

«Կխնդրեմ լրատվամիջոցներն աշխատեն նախաքննական մարմնի հետ, հետագայում իրենց հնարավորինս թույլատրելի սահմաններում տեղեկատվություն կտրամադրեն։ Մեր թիվ մեկ խնդիրն առանց որեւէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը կարծում եմ՝ բոլորիս բախտից բարեհաջող ավարտ ունեցավ»։

Հարցին, թե ինչո՞ւ հենց ինքը բանակցեց, ոստիկանությունում չկա՞ր մասնագետ, որը կարող էր զինված անձի հետ բանակցել, Արման Սարգսյանը պատասխանեց. «Իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են եւ այդ պահին ստացվեց այդպես։ Եթե գտնվել եմ այդտեղ, չէի կարող թողնել, որ մեկ ուրիշը խոսեր»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների ավարտին անձը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին եւ տեղափոխվել ոստիկանություն:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։