Երեւանում հանդիսավոր նշվեց Հնդկաստանի ազգային տոնը՝ հունվարի 26-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ Հնդկաստանի Հանրապետության 70-րդ տարեդարձի առթիվ։

Dvin Music Hall-ում տեղի ունեցած ընդունելությանը մասնակցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ։

Պաշտոնական արարաողությունից առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեւալը բացեցին «Հնդկաստանի արվեստը» ցուցահանդեսը։

Իր ելույթում Հնդկաստանի դեսպանն ասաց, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են մշակութային եւ քաղաքական դարավոր կապերի վրա։ «Հայաստանի անկախությունից հետո մեր երկրների հարաբերությունները մնացել են անփոփոխ գերազանց»,- նշեց դեսպանը։

Կիշան Դան Դեւալը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանն անվանել է Հայաստանի համար 4-5 առաջնային երկրներից մեկը։ «Այս գնահատականը պատիվ է մեզ համար»,- հավելեց նա։

Դեսպանը նաեւ հատուկ նշեց անցյալ տարի ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում վարչապետներ Նարենդրա Մոդիի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կարեւորությունը։

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության պոտենցիալը մինչեւ վերջ չի օգտագործվել։ «Ես կարծում եմ, որ փոխադարձ ջանքերով մենք երկկողմ հարաբերություններում կկարողանանք հասնել մեծ հաջողության»,- հայտարարեց Գրիգորյանը։  

Պաշտոնական մասին հետեւեցին Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, Հայ-հնդկական բարեկամության ՀԿ-ի ներկայացուցիչների եւ հայկական «Մասունք» համույթի գունագեղ ելույթները։