Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը

«Նա ասաց`Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իր հետ կապված քիչ խոսի»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքը վստահ է, որ Արթուր Վանեցյանն այդ պահին միայնակ չի եղել, էլի լսողներ են եղել. «Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցի «Նոր Զովք» խանութի առաջ ես հետևից գրկախառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ: Իսկ եթե ամեն դեպքում պատրաստվում է հայց ներկայացնել…»:

Հարցին՝ իսկ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սուտ է խոսում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց` թող փորձի. «Գրիչն ու մնացածը սկիզբը չեն ու վերջն էլ չեն: Հիմա փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել: Տարեթիվ են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, 30 տարով ուզուրպացնի ՍԴ-ն»:

Սիմոնյանի խոսքերով, ինքն անմեղության կանխավարկած չի խախտում. «Կա դատարան ու կտեսնենք, թե ինչ վճիռ կլինի: Բայց հավաստիացնում եմ, որ շատ մեծ խնդիրների առաջ է կանգնելու այն անձնավորությունը, ով հաճախ ստում է մեր հանրությանը և ազնիվ չի գտնվում լրագրողների առջև խոսելիս»:                                         

Նա նաեւ նշել է, որ Արթուր Վանեցյանն ամենաուժեղ քաղաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց: 

 «Մշտապես եղել է իմ զարմանքը: Նախ այդ խոսակցություններին լուրջ չէի վերաբերվում, բայց հետագայում հասկացա, որ տեղի էր ունենում այն, ինչի մասին հիմա խոսվում է, այն որ քաղաքական դաշտ մտնելու փաստացի հավակնություն կա: Ցավով եմ վերաբերվում, քանի որ պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց»,- ասել  է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած հիբրիդային հեղաշրջման մասով Սիմոնյանը ասել է, որ դեռ շատ անուններ կհնչեն, միգուցե եւ զարմանալի:

 «Բայց վստահեցնում եմ, որ բոլոր փորձերը ջախջախվելու են, քանի որ Հայաստանում նրանք ունեն միայն մեկ գործիք՝ փողը: Չի ստացվելու Հայաստանում փողով իշխանություն վերցնել: Փողով գնված բանախոսներին ՀՀ քաղաքացին չի ներելու»,- ասել է նա:

Սիմոնյանը նաև հաստատել է այն, որ ժամանակին ինքն է առաջարկել Արթուր Վանեցյանի թեկնածությունը. «Բայց որոշումը կայացրել է վարչապետը»:

ԱԺ փոխնախագահը չի զղջում, սակայն ցավում է, որ հիմա այսպիիս իրավիճակ է ստեղծվել: